«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող են տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է 90min-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալը» արդեն մեկ տարի է, ինչ բանակցում է Սակայի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ, ըստ որի՝ նա կարող է դառնալ թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Այնուամենայնիվ, եթե Բուկայոն չցանկանա երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, ապա կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Անգլիական կողմը ցանկանում է ձեռք բերել նաև Բելինգհեմին և հուսով է, որ Խոսեպ Գվարդիոլայի հետ աշխատելու հեռանկարը և նախկին թիմակից Էրիլինգ Հոլանդի հետ հնարավոր վերամիավորումը առանցքային կլինեն բանակցություններում: Անգլիացի կիսապաշտպանով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը»:
Սական «Արսենալի» սան է։ Նա հիմնական թիմին միացել է 2019 թվականի հուլիսին և թիմի կազմում անցկացրել 151 հանդիպում, խփել 28 գոլ և կատարել 35 գոլային փոխանցում։
19-ամյա Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2020 թվականի հուլիսից։
Այս մրցաշրջանում նա դորտմունդյան ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։