Ռոբերտ Լևանդովսկին ռմբարկուական մրցանակ կստանա

Կատալոնական «Բարսելոնայի» ու Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կստանա Գերդ Մյուլերի անվան մրցանակը, հայտնում է Mundo Deportivo-ն:

France Football-ն այս մրցանակը Գերդ Մյուլերի պատվին անվանակոչել է այս տարի: Մրցանակը շնորհվում է նախորդ մրցաշրջանի պաշտոնական խաղերում ակումբի և հավաքականի կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստին:

Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի կազմում համատեղ խփել էր 57 գոլ:

Մրցանակի հանձնման արարողությունը կկայանա հոկտեմբերի 17-ին Փարիզում:

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը մասնակցել է Իսպանիայի առաջնության 8 խաղի, խփել 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: