«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է, որ այլևս երբեք աֆրիկացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր չի կնքի, քանի դեռ նա համաձայնագիր չի ստորագրի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցությունից հրաժարվելու մասին:
«Այլևս մի խոսեք ինձ հետ աֆրիկացիների մասին: Ես սիրում եմ նրանց, բայց կա՛մ նրանք ստորագրում են ինչ-որ բան՝ հաստատելով, որ հրաժարվելու են Աֆրիկայի ազգերի գավաթից, կա՛մ այդ մրցաշարի և աշխարհի առաջնության հարավամերիկյան ընտրական փուլի միջև ընկած ժամանակահատվածում այս ֆուտբոլիստները երբեք հասանելի չեն լինի:
Մենք հիմարներ ենք, ովքեր աշխատավարձ են վճարում նրանց աշխարհով մեկ այլ թիմերում խաղալու համար»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Ներկայումս «Նապոլիում» խաղում են աֆրիկացի երկու ֆուտբոլիստներ՝ հարձակվող Վիկտոր Օսիմհենը (Նիգերիա) և կիսապաշտպան Անդրե Զամբո Անգիսան (Կամերուն): Սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին այս ամռանը լքել է «Նապոլին» և միացել «Չելսիին»: