«Բավարիայի» և Սենեգալի հարձակվող Սադիո Մանեն մեկնաբանել է Գերմանիայի Սուպերգավաթի 2022 թվականի «Լայպցիգի» հետ խաղում տարած հաղթանակը (5:3):
«Իհարկե, ես շատ ուրախ եմ «Բավարիայի» հետ իմ առաջին տիտղոսը նվաճելու համար: Առաջին իսկ օրվանից ես ուրախ էի այս մեծ ակումբի մի մասնիկը լինելու համար: Ինձ համար հեշտ էր հարմարվել այս հրաշալի ֆուտբոլիստների ընկերակցությամբ, նրանք հեշտացնում են իմ կյանքը։ Ես իսկապես երջանիկ եմ։ Սա մեծ ուրախություն է։ Հիմա անհամբեր սպասում եմ նոր հաղթանակների։ Բունդեսլիգայում խաղալը հիանալի որոշում էր»,- Մանեի խոսքը մեջբերում է գերմանական Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մանեն այս խաղում դարձել է գոլի հեղինակ։ Այս գավաթը 10-րդն էր «Բավարիայի» համար։ Նախկինում մյունխենյան ակումբը հաղթել էր Գերմանիայի Սուպերգավաթը 1987, 1990, 2010, 2012, 2016, 2017, 2018, 2020, 2021 թվականներին: