Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» նկատմամբ տարած հաղանակին.
Խոնարհվում եմ խաղացողների և մարզչական շտաբի առջև, որոնք ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց անհավանական բնավորությունը, հաղթելու աննկուն կամքը և բարձր պրոֆեսիոնալիզմը։
Չնայած լուսատախտակի վրա գրանցված կործանարար հաշվին, տղաները շարունակեցին պայքարել մինչև վերջին վայրկյանը:
Ոչինչ չէր կարող կոտրել այս թիմի ոգին. ո՛չ առաջին խաղում տնային դառը պատմությունը, ո՛չ բաց թողած գնդակը պատասխան խաղի մեկնարկում, ո՛չ էլ մրցավարական կոպիտ սխալները:
Խաղացողները տվել են 120%… Խաղից հետո նրանց ոտքերին նայելը ցավալի էր, բայց նրանց դեմքերը փայլում էին երջանկությունից և հպարտությունից:
Ակումբի համար…
Համայն Հայաստանի համար…
Հայաստանի չեմպիոնն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում…
Առջևում հաջորդ լուրջ մրցակիցն է՝ «Ցրվենա Զվեզդան»…
Վստահ եմ, որ մեր թիմը կանգ չի առնելու և ամեն ինչ կանի իր երկրպագուներին գոհացնելու և հայկական ֆուտբոլը նոր բարձունքների հասցնելու համար…»,- գրել է Արթուր Սողոմոնյանը: