Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի ձախողման մասին։
«Կիլիանն ինձ չի դավաճանել: Նա խոսել է «Ռեալում» խաղալու իր երազանքի մասին: ՊՍԺ-ն չէր ցանկանում վաճառել նրան նախորդ ամռանը: Մենք մի ամբողջ տարի սպասեցինք, իսկ Կիլիանը նույն բանն էր կրկնում։ 15 օրում իրավիճակը փոխվել է քաղաքական ճնշման և տնտեսական գործոնի պատճառով։
Մբապպեն կատարեց ամենահեշտ ընտրությունը, և արդյունքում նրա երազանքը փոխվեց։ Նա շատ երիտասարդ է, մենք բոլորս ենթարկվում ենք ճնշումների, իսկ երիտասարդությունը՝ առավել ևս։ Ֆրանսիայի նախագահի զանգը նրա վրա խիստ ազդեցություն ունեցավ, դա միանշանակ է։
Ձե՞ռք բերել Մբապպեին երեք տարի հետո: Չգիտեմ, այս ընթացքում ամեն ինչ կարող է պատահել։ Ներկայիս Մբապպեն այն Մբապպեն չէ, ինչ նախկինում էր։ Ինձ պետք չէ մի ֆուտբոլիստ, ով հրաժարվում է մասնակցել միջոցառումներին՝ ազգային հավաքականի հովանավորների համար։
Կարծում էի, որ նա երազանք ունի, բայց երբեմն այն չի կարող իրականանալ արտաքին պատճառներով»,- ասել է Պերեսը El Chiringuito-ին տված հարցազրույցում։