Լա Լիգայի 4 ակումբ հավակնում է պայմանագիր կնքել Էդինսոն Կավանիի հետ

Լա Լիգայի 4 ակումբ ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էդինսոն Կավանիին: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Էկրեմ Կոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն», «Սևիլիան», «Վիլյառեալը» և «Ռեալ Սոսյեդադը»:

Կավանին «Յունայթեդում» խաղացել է 2020 թվականի աշնանից մինչև 2022 թվականի մայիսը։ Ավարտվող մրցաշրջանում նա «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան»։