ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի վինգեր Անխել դի Մարիան Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո կավարտի միջազգային կարիերան:
«Այս աշխարհի առաջնությունից հետո կգա ժամանակը և ես հեռանամ ազգային թիմից։ Հավաքականում կան շատ երիտասարդ տղաներ, ովքեր առաջադիմում են և կամաց-կամաց բարձր մակարդակի են հասնում։ Իմ կողմից մի փոքր եսասիրություն կլիներ այսքան տարիներ անց նստել այստեղ և այն բանից հետո, երբ հասա այն ամենին, ինչ ուզում էի: Քաթարից հետո ես անպայման մի կողմ կքաշվեմ»,- Դի Մարիային է ցիտում Mundo Deportivo-ն։
34-ամյա վինգերն Արգենտինայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2008 թվականի սեպտեմբերին 20 տարեկանում։ «Ալբիսելեստեի» կազմում նա անցկացրել է 121 հանդիպում, դարձել 24 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
2022 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։