Պեպ Գվարդիոլան՝ «Նյուքասլի» նկատմամբ հաղթանակի մասին. «Եթե որևէ մեկը կասկածում էր «Սիթիին», նա մեզ չի ճանաչում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրում «Նյուքասլին» հաղթելուց (5:0) հետո խոսել է «Լիվերպուլի» հետ տիտղոսի համար պայքարի մասին:

Մայիսի 4-ին «Սիթին» պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1:3) և չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

– Կասկածներ ունեի՞ք, որ թիմը կվերականգնվի Մադրիդում կրած պարտությունից հետո:

– Հաշվի առնելով այն ամենը, ինչին այս թիմը հասել է, դուք ինչ-որ կասկածներ ունե՞ք: 5 տարի շարունակ մենք 3 օրը մեկ նման բան ենք անում: Եթե ​​որևէ մեկը կասկածում էր մեզ, ապա նա մեզ չի ճանաչում։ Սա իմ կարիերայի լավագույն թիմերից մեկն է։

Մենք 3 միավորով և գոլերի տարբերությամբ 4 գնդակով գերազանցում ենք «Լիվերպուլին»: Դեռ 9 միավոր կա խաղարկելու համար: Չորեքշաբթի օրը մենք ևս 1 եզրափակիչ ենք ունենալու»,- ասել է Գվարդիոլան Sky Sports-ին տված հարցազրույցում: