«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի վերջին արդյունքների մասին: Հաղթանակների շարքից հետո «խցանները» նախ պարտություն կրեցին «Բրայթոնից» (0:1), իսկ հետո չկարողացան հաղթել «Բրենթֆորդին» (0:0): Վերջին տուրում լոնդոնցիները կրկին 3 միավոր վաստակեցին՝ հաղթելով «Լեսթերին» (3:1):
«Դա կարող է տեղի ունենալ բազմաթիվ պատճառներով։ Գուցե, մեր նկատմամբ ճնշումն է ավելացել:
Պետք է սովորել նման կարգի ճնշմանը։ «Բրայթոնի» և «Բրենթֆորդի» դեմ հանդիպումներից առաջ մենք զիջում էինք առաջատար խմբին, բայց հետո մտանք լավագույն քառյակ և սկսեցինք պահել մեր տեղը։
Սակայն ես կարծում եմ, որ այս թիմն ավելի լավն է դառնում բոլոր առումներով, այդ թվում՝ երբ խոսքը վերաբերում է ճնշման ներքո խաղալուն: Շատերն են խոսում հաղթողի մենթալիտետի բացակայության մասին։ Իմ կարծիքով՝ դու հաղթողի մենթալիտետ ես ձեռք բերում և հաղթող ես դառնում այնժամ, երբ սկսում ես հաղթել»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Goal-ը: