«Միլանը» շտապում է նոր պայմանագիր կնքել Ռաֆայել Լեաուի հետ

«Միլանի» ղեկավարությունը շտապում է նոր պայմանագիր կնքել հարձակվող Ռաֆայել Լեաուի հետ, ում ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Մոտ ժամանակներս ակումբի ներկայացուցիչները պետք է հանդիպեն 22-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ։

Պորտուգալացին այս մրցաշրջանում «Միլանի» լավագույն ռմբարկուն է՝ բոլոր մրցաշարերում խփած 13 գոլով: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին:

Investcorp-ը, որը իտալական ակումբի պոտենցիալ նոր սեփականատերն է, ցանկանում է նրան դարձնել ակումբի գլխավոր աստղ, իսկ հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշը շուտով կհանդիպի տնօրեններ Պաոլո Մալդինիի և Ռիկի Մասարայի հետ:

Ե՛վ Մալդինին, և՛ Մասարան կմնան ակումբում՝ չնայած մոտալուտ գործարքին: «Ռոսոներիները» պատրաստվում են եռապատկել Լեաուի աշխատավարձը՝ առաջարկելով տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր: