Չավին անդրադարձել է «Բարսելոնայում» մեծ թվով վնասվածքներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղից առաջ խոսել է թիմում վնասվածք ուենցող ֆուտբոլիստների մասին։

«Պեդրին շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով: Նա իրեն լավ է զգում և ինքնուրույն է աշխատում։ Պիկեն վերջին 2-3 ամիսների ընթացքում խնդիրներ ուներ: Այսօր նա ցավեր էր զգում և չի մարզվել։ Ռոբերտոն ոչ թե ռեցիդիվ ունի, այլ մկանային խնդիր։ Նիկոն երեկ Ֆատիի հետ բախման ժամանակ կոտրել է ոտքի մատը։ Բրեյթուեյթը հիվանդ է Covid-ով, իսկ Դեմբելեի մոտ տոնզիլիտ է։

Ցավալի է, քանի որ մեզ անհրաժեշտ են բոլոր ֆուտբոլիստները։ Մենք հիմա շատ կենտրոնական կիսապաշտպաններ չունենք, բայց սա ֆուտբոլ է: Երեկ սայթաքեց մեր անմիջական մրցակից «Սևիլիան»: Մենք պարտավոր ենք հաջորդ տարի լինել Չեմպիոնների Լիգայում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

«Մալյորկայի» դեմ հանդիպումը կկայանա այսօր՝ Բարսելոնայում։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։