Ապրիլի 23-ին ՊՍԺ-ն ժամանակից շուտ ապահովեց Ֆրանսիայի առաջնությունում չեմպիոնությունը. դրա համար բավական էր ոչ-ոքի խաղալ «Լանսի» հետ (1:1) Լիգա 1-ի 34-րդ տուրի հանդիպմանը։
Առաջնության ավարտից 4 տուր առաջ փարիզյան ակումբը վաստակած 78 միավորով նույնիսկ տեսականորեն անհասանելի դարձավ իր մրցակիցների համար։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն առաջին անգամ իր թիմին հասցրեց չեմպիոնական տիտղոսին։ Նախորդ մրցաշրջանում արգենտինացի մասնագետը թիմի հետ 2-րդն էր՝ չեմպիոնությունը զիջելով «Լիլին», իսկ մինչ այդ նա աշխատել է «Թոթենհեմում», «Սաութհեմփթոնում» և «Էսպանյոլում», որտեղ չեմպիոն չի դարձել։
Ընդհանուր առմամբ, սա Պոչետինոյի մարզչական կարիերայի երրորդ տիտղոսն է։ Մինչ այդ նա փարիզյան ակումբի հետ նվաճել էր Ֆրանսիայի Սուպերգավաթը և Ֆրանսիայի գավաթը։