Ուեյն Ռունի. «Ես ուզում եմ «Դերբի Քաունթիի» երկրպագուներին վերադարձնել իրենց ուրախությունը»

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին ասել է, որ մտադիր չէ հեռանալ ակումբից Չեմպիոնշիփից դուրս մնալուց հետո:

«Ես երբեք չեմ տեսել, որ երկրպագուներն այսքան աջակցեն՝ մրցաշարից թիմի դուրս մնալուց հետո: Մենք ստացանք այս մեծ աջակցությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Իհարկե, հիասթափված եմ, տխուր, վրդովված, բայց հպարտ եմ։ Ինչ-որ կերպ կարող ենք գիծ քաշել կատարվածի վրա ու սկսել վերակենդանացնել ակումբը։ Պետք է փորձենք առաջ շարժվել։

Ես ցանկանում եմ վերականգնել այս ակումբը: Այն շատ բան է նշանակում երկրպագուների համար, սա յուրահատուկ ակումբ է, և մենք բոլորս հպարտ ենք, որ աշխատում ենք այստեղ: Ցանկանում եմ լինել այն մեկը, ով «Դերբի Քաունթիի» երկրպագուներին կվերադարձնի իրենց ուրախությունը»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Ավելի վաղ «Դերբի Քաունթին» կորցրել էր Անգլիայի երկրորդ դիվիզիոնում իր տեղը պահպանելու հնարավորությունը։