Մադրիդի «Ատլետիկոյի» առաջատարներից մեկն այլևս չի խաղա այս մրցաշրջանում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: Այս մասին պորտուգալացին հայտնել է սոցցանցերի իր էջերում։

«Ցավոք սրտի, սա այն նորությունը չէ, որին ես սպասում էի, և խորը տխրությամբ գիտակցում եմ, որ չեմ կարողանա օգնել իմ թիմին մրցաշրջանի մնացած հանդիպումներում։ Այժմ ես կարող եմ աջակցել «Ատլետիկոյին» միայն խաղադաշտից դուրս և քրտնաջան աշխատել վերականգնման վրա, որպեսզի ավելի ուժեղ վերադառնամ»,- գրել է հարձակվողը:

22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ապրիլի 17-ին՝ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում (2:1): Ինչպես հայտնում է «Ատլետիկոյի» պաշտոնական կայքը՝ նրա մոտ ախտորոշվել է ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք։