Կրիշտիանու Ռոնալդուն ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է 36 տարեկանից բարձր առաջին ֆուտբոլիստը, ով Պրեմիեր Լիգայի մեկ մրցաշրջանում 15 և ավելի գոլ է խփել, հաղորդում է WilliamHill-ի թվիթերյան էջը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Նորվիչին»։ Այս հանդիպմանը Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Պորտուգալացին մանչեսթերյան ակումբի գույները պաշտպանում է 2021 թվականի օգոստոսից։ Այս մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

32 տուրից հետո «կարմիր սատանաները» 54 միավորով զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։