Ժոզե Մոուրինյոն.՝ «Բուդե-Գլիմտի» դեմ պատասխան խաղի մասին. «Թող հաղթի ուժեղագույնը»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է Կոնֆերենցիաների Լիգայի քառորդ եզրափակչի «Բոդե-Գլիմտի» դեմ պատասխան տնային խաղից ունեցած սպասելիքներով։ Նորվեգիայում թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է հռոմեական ակումբի պարտությամբ՝ 1։2 հաշվով։

«Ես չեմ նկատել, որ իմ ֆուտբոլիստները լարված են: Առաջին պարտությունը (խմբային փուլում «Բուդե-Գլիմտից»՝ 1:6) պատմական էր ակումբի համար, բայց միևնույն ժամանակ մենք մեզ օրինակելի պահեցինք։ Սովորաբար մարդիկ բացասաբար են արձագանքում, բայց մենք, չնայած նվաստացուցիչ պարտությանը, պատվով դուրս եկանք իրավիճակից։

Նրանց հետ ևս երկու հանդիպում անցկացրինք, ու դժվարություններ չեղան, իսկ հինգշաբթի օրը տեղի ունեցածը խաղային կոնտեքստից դուրս էր։ Երկրորդ խաղակեսը նորմալ էր, միայն մեկ վատ դրվագ կար, բայց միայն այդ մեկը:

Մենք, ինչպես և նրանք, ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ։ Ես ակնկալում եմ տեսնել հիանալի խաղ՝ տնային մարզադաշտի տեսքով առավելությամբ և իմ երկրպագուների հետ, ովքեր կարող են վճռել հանդիպման ելքը: Թող հաղթի ուժեղագույնը, և ես համոզված եմ, որ մենք ամենաուժեղն ենք»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին Հռոմում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։