«Բարսելոնան» առաջատար է «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի տրանսֆերի համար պայքարում: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի կողմնակիցը «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան է։ Սակայն հնարավոր տեղափոխության արժեքը կարող է կազմել ավելի քան 50 միլիոն եվրո, ինչը տարաձայնություններ է առաջացնում «Բարսելոնայի» ղեկավարությունում, քանի որ ակումբը լավագույն ֆինանսական վիճակում չէ:
Լապորտան ջերմ փոխհարաբերություններ ունի 25-ամյա խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, ինչը կարող է նպաստել տեղափոխությանը: Մենդեշը ներկայացնում է նաև «Վուլվերհեմփթոնի» վինգեր Ադամ Տրաորեին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»:
Նևեշը Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի 28 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: