Դիեգո Սիմեոնե. «Կփորձենք օգտվել «Մանչեսթեր Յունայթեդի» յուրաքանչյուր սխալից»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղից առաջ ասել է, որ իսպանական թիմը վստահ է իր ուժերի նկատմամբ:

«Մենք գիտենք «Յունայթեդի» պոտենցիալը, դիմակայության կարևորությունը և այն վտանգը, որն իրենից ներկայացնում է «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ, բայց մենք վստահ ենք մեր ուժերի նկատմամբ:

Ես պատկերացնում եմ արագ տեմպով խաղ, որտեղ երկու թիմն էլ ճնշման տակ կլինեն, ինչպես սովորաբար լինում է նման մարզադաշտերում: Մենք կփորձենք օգտագործել մեր հակագրոհները, որպեսզի օգտվենք նրանց թույլ տված յուրաքանչյուր սխալից։ Նրանք նաև լավ են հակագրոհում. դա «Մանչեսթեր Յունայթեդի» ամենահզոր զենքերից մեկն է»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ատլետիկո» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 15-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։