«Չելսին» միակողմանիորեն երկարաձգել է Ասպիլիկուետայի հետ պայմանագրի ժամկետը

«Չելսին» երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հետ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա խաղացողի համաձայնագիրը, որը լրանում էր այս մրցաշրջանի վերջում, երկարաձգելու օպցիա ուներ։ Այն ակտիվացնելու համար անհրաժեշտ էր, որ ընթացիկ մրցաշրջանում իսպանացին 30 հանդիպում անցկացնի։ 2021/22 խաղաշրջանում պաշտպանն արդեն 33 խաղի է մասնակցել:

«Չելսին» ակտիվացրել է Ասպիլիկուետայի հետ պայմանագիրը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Այսպիսով, պաշտպանն այլևս չի կարողանա հեռանալ լոնդոնյան ակումբից, թեև լուրեր էին շրջանառվում, որ նա համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ։