«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է թիմի նոր գլխավոր մարզչի փնտրտուքները:
Ըստ The Athletic-ի՝ «կարմիր սատանաների» հիմնական թեկնածուներն են Մաուրիսիո Պոչետինոն (ՊՍԺ) և Էրիկ տեն Հագը («Այաքս»)։
«Յունայթեդը» ցանկանում է մոտ ժամանակներս համաձայնության գալ նոր մարզչի հետ, որպեսզի վերջինս արդեն սկսի պլանավորել մինչմրցաշրջանային պատրաստությունը:
Անգլիական ակումբի ղեկավարությունն ավելի շատ հակված է Պոչետինոյի թեկնածությանը, սակայն արգենտինացի մասնագետի հրաժարագինը կարող է խոչընդոտ հանդիսանալ, քանի որ ՊՍԺ-ի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Ինչ վերաբերում է Տեն Հագին, ապա «Յունայթեդը» որոշում կկայացնի՝ ելնելով Չեմպիոնների Լիգայում «Այաքսի» հաջողությունից։
Մրցաշարի 1/8 եզրափակչում ամստերդամյան ակումբի մրցակիցը «Բենֆիկան» է։
Բացի այդ, չի բացառվում, որ թիմի ղեկին կարող է մնալ Ռալֆ Ռանգնիկը։
Սակայն դա նույնպես կախված կլինի մրցաշրջանի վերջում թիմի գրանցած արդյունքներից։