Փոլ Սքոուլզ. «Ռոնալդինյոն վերջին պահին «գցեց» մեզ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը վերհիշել է, թե ինչպես 2003 թվականի ամռանը լեգենդար Ռոնալդինյոն կարող էր տեղափոխվել անգլիական ակումբ, բայց վերջնական արդյունքում միացավ «Բարսելոնային»:

«Ամառ էր, մենք պատրաստվում էինք հաջորդ մրցաշրջանին ու արդեն մոտ էինք Ռոնալդինյոյի հետ համաձայնությանը, նույնիսկ նրա համար խաղահամար էինք ընտրել։ Սակայն նա վերցրեց ու վերջին պահին «գցեց» մեզ՝ տեղափոխվելով «Բարսելոնա»։ Իսկ մենք հենց այդ ժամանակ ընկերական հանդիպում էինք անցկացնելու «Բարսելոնայի» դեմ։

Մենք շատ էինք նեղսրտել, որ նա մեզ մոտ չտեղափոխվեց, Ռոնալդինյոն անհրաժեշտ էր մեզ, գիտեինք, որ նա թիմի համար նույնիսկ ավելին կանի, քան իր ժամանակին արել է Կանտոնան։ Ընդհանրապես, մենք բոլորս այնքան զայրացած էինք Ռոնալդինյոյի վրա, որ երբ նա խաղադաշտ մտավ մեր դեմ, բոլորը փորձում էին հարվածել նրա ոտքերին՝ չնայած խաղի ընկերական կարգավիճակին»,- ասել է Սքոուլզը BBC Radio 5-ի եթերում: