2015 թվականին «Բարսելոնան» Լուիս Էնրիկեի գլխավորությամբ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը՝ եզրափակչում առավելության հասնելով «Յուվենտուսի» նկատմամբ: Իսպանացի մասնագետը պատմել է, թե այդ խաղից առաջ ինչպես է մոտիվացրել Լիոնել Մեսսիին, Նեյմարին, Լուիս Սուարեսին և թիմի մնացած ֆուտբոլիստներին:
«Այն ժամանակ ես նրանց ասացի, որ ամենավատ բանը, որ կարող է նրանց հետ պատահել հիմա, դա «Յուվենտուսի» խաղացող դառնալն է: Ես նրանց առաջարկեցի պատկերացնել, թե որքան դժվար է նրանց համար խաղալ մեր դեմ։ Թե ինչ է նշանակում փորձել դիմադրել Մեսսիին, Նեյմարին, Սուարեսին, Ինյեստային, Բուսկետսին: Թե որքան դժվար է գործ ունենալ Դանի Ալվեսի անցումների հետ կամ ճեղքել թիմի պաշտպանությունը, որում խաղում են Մասկերանոն ու Պիկեն։
Այդպես իմ խաղացողները կարողացան հանգստանալ և իրենց ավելի վստահ զգալ: Եվ արդեն չորրորդ րոպեին մենք բացեցինք հաշիվը»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն։