Կոնտե. ««Ման. Սիթիի» նկատմամբ հաղթանակը վստահություն կհաղորդի «Թոթենհեմին»»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման (3:2) արդյունքը:

«Երբ խաղում ես «Մանչեսթեր Սիթիի» դեմ, գիտես, որ ժամանակի 70 տոկոսի ընթացքում նրանք կտիրեն գնդակին: Սակայն ես իմ խաղացողներին ասում եմ, որ պաշտպանվելիս պետք է միշտ մտածեն հարձակվելու մասին։ Պետք է ցանկանաս խլել գնդակը և վազել հարձակման: Այս հաղթանակը պետք է գոհացնի երկրպագուներին 2 տնային պարտությունից հետո։

Իհարկե, սա հանդիպման գերազանց արդյունք է։ Միգուցե մեկ այլ թիմ այն բանից հետո, երբ «Սիթին» հաշիվը դարձրեց 2:2, կմտածեր, որ խաղն ավարտված է: Սակայն իմ թիմը ցանկանում էր հաղթել: Կարծում եմ՝ իմ թիմն ամբողջ հանդիպման ընթացքում մտածում էր հարձակման մասին։ Այս հաղթանակը պետք է մեզ վստահություն և հավատ հաղորդի այն աշխատանքի նկատմամբ, որը մենք միասին ենք անում»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: