Ժերոմ Ռոտեն. «Լեո Մեսսին ՊՍԺ-ի գլխավոր բալաստն է, նա ոչ մի օգուտ չի բերում ակումբին»

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալի» դեմ խաղից (1:0) հետո քննադատել է փարիզյան ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիին։

«Այս պահին դա սելեկցիայի սխալ է։ Իհարկե, մարզաշապիկների վաճառքի առումով Լեո Մեսսիի տեղափոխությունը հրաշալի է։ Մարդիկ գնում են դիտելու նրա խաղը ՊՍԺ-ում: Բայց պետք է խոստովանել, որ նա մարզական առումով ոչ մի օգուտ չի բերում ՊՍԺ-ին։

Հիմնական խնդիրն այն է, որ «Ռեալի» դեմ հանդիպումը մեծ խաղ է, որտեղ մենք ակնկալում ենք, որ մեծ խաղացողները կփայլեն։ Սակայն այսօր նա գլխավոր բալաստն էր։ Տեխնիկական սխալներ, կորուստներ, չիրացրած 11-մետրանոց, բայց դա կարող է պատահել ցանկացածի հետ։ Դա լավագույնս երևում է վարքագծում: Նա նայում է խաղակոշիկներին, և թվում է, թե դժգոհ է»,- Ռոտենի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը: