Պեպ Գվարդիոլա. «Մի անհանգստացեք, ես Ֆերգյուսոն չեմ դառնա «Մանչեսթեր Սիթիի» համար»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին: Իսպանացի մասնագետի պայմանագիրը «քաղաքայինների» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

«Արդյոք կարո՞ղ եմ մնալ «Մանչեսթեր Սիթիում» 10-15 տարի: Ես Ալեքս Ֆերգյուսոն չեմ դառնա, մի՛ անհանգստացեք: Ֆուտբոլում մեկուկես տարին երկար ժամանակ է։ Մեր ներդաշնակությունն օգնում է. վերջին 20 խաղից մենք հաղթեցինք 18-ում և 1-ում պարտվեցինք «Լայպցիգին», երբ մեզ ոչինչ պետք չէր։

Ես գիտեմ, որ տղաները երբեմն հիասթափվում են, որ բավարար խաղային րոպեներ չեն ստանում: Մնացած ամեն ինչից ուղղակի անհնար է բողոքել՝ ֆիզիոթերապևտներ, սպորտային գիտություն, բոլորը պատրաստ են օգնելու։ Այնպես որ, նրանք բողոքելու ոչինչ չունեն։

Այդուհանդերձ, հաղթանակի կամ պարտության մեջ պատահականության տարր կա, չգիտես, թե ինչ կլինի։ Մենք միասին ենք հաղթելու և ժպտալու համար: Տխուր դեմքով անհնար է բարձր մակարդակի հասնել։ Մնացած ամեն ինչ այդքան էլ կարևոր չէ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը մանչեսթերյան ակումբը մարզում է 2016 թվականից: