Մադրիդի «Ռեալը» դեռ չի որոշել, թե արդյոք ակումբը կերկարաձգի պայմանագիրը եզրային հարձակվող Մարկո Ասենսիոյի հետ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը հակված է նոր համաձայնագիր չառաջարկել իսպանացի ֆուտբոլիստին։ Սակայն վինգերի ցուցադրած խաղը «սերուցքայիններին» ստիպում է չշտապել:
«Ռեալը» դեռ որոշում չի կայացրել 26-ամյա խաղացողի վերաբերյալ: Ասենսիոյի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 8 գոլի հեղինակ։