Քրիստիան Էրիկսեն. «Անհամբերությամբ սպասում եմ «Բրենթֆորդում» իմ նորամուտին»

«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կիսվել է նոր ակումբում իր առաջին խաղից ունեցած սպասելիքներով:

Դանիացին միացել է ԱՊԼ-ի ակումբին 2022 թվականի հունվարի 31-ին։ Կիսապաշտպանը ստիպված է եղել հեռանալ «Ինտերից» 2021 թվականի Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, երբ նա սրտի կանգ էր ունեցել։

«Ես շատ եմ վազել և շատ փորձարկումներ եմ կատարել, լավ մարզավիճակում եմ, բայց դեռ մի քանի շաբաթ ունեմ խաղադաշտ դուրս գալու համար: Այն պահին, երբ մարզիչը տեսնի, որ ես լավ մարզավիճակում եմ և ցանկանա, որպեսզի ես խաղամ, ես կարող եմ դա անել: Հիմա մենք ուղղակի վերահսկում ենք իրավիճակը։

Այդ օրը կարծես մոտենում է, և ես անհամբեր սպասում եմ, որ կկարողանամ նորից խաղալ։

Հնարավորություն ստանալ վերադառնալ խաղադաշտ և նորից խաղալ՝ տեղի ունեցածից 7 կամ 8 ամիս անց, հիանալի կլինի»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: