«Ռեալի» և «Բարսելոնայի» նախագահներ Ֆլորենտինո Պերեսը և Ժոան Լապորտան ստորագրել են «չհարձակման պայմանագիր», հայտնում է Marca-ն։
Երկու գրանդ ակումբների ղեկավարները բանավոր պայմանավորվել են, որ չեն «փախցնի» միմյանց ֆուտբոլիստներին, որպեսզի խուսափեն այնպիսի իրավիճակից, երբ մրցակցի հետաքրքրվածությունը որպես արգումենտ օգտագործվում է պայմանագրերի երկարաձգման բանակցությունների ժամանակ:
Հաղորդվում է, որ բացառություն են կազմում այն ֆուտբոլիստները, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է: Նույն համաձայնությունը ձեռք է բերվել նաև երիտասարդական թիմերի խաղացողների վերաբերյալ:
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի խաղի օրը՝ հունվարի 12-ին, տեղեկություն հայտնվեց «Ռեալի» կողմից «Բարսայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի նկատմամբ հետաքրքրության մասին։ Լապորտան, նկատի ունենալով պայմանավորվածությունը՝ դիմել է Պերեսին, իսկ Ֆլորենտինոն հերքել է այդ լուրը:
Ընդ որում՝ համաձայնությունը չի վերաբերում այլ թիմերից երկու ակումբների տրանսֆերային նպատակներին, օրինակ՝ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի դեպքում։