Տիբո Կուրտուան կրկին խոսել է Սուպերլիգայի մասին՝ քննադատելով ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին

Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան, Ազգերի Լիգայի 3-րդ տեղի համար խաղում Իտալիայից կրած պարտությունից (1:2) հետո, խոսեց խաղերի խիտ գրաֆիկի պատճառով ֆուտբոլիստների վրա ճնշումների մասին:

«Հաջորդ տարի մենք կունենանք Աշխարհի առաջնություն նոյեմբերին, իսկ հետո կշարունակենք խաղալ ակումբներում մինչև հունիս:

Վնասվածքներ կլինեն: Ոչ ոք չի մտածում ֆուտբոլիստների մասին: Ազգերի Լիգայի ևս չորս խաղեր կավելացվեն հունիսին, որին կհաջորդի երկշաբաթյա արձակուրդ: Բայց սա բավարար չէ, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան ամենաբարձր մակարդակով հանդես գալ 12 ամիս:

Եթե ​​մենք չբարձրաձայնենք, ամեն ինչ կմնա նույնը: Նրանք (ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն) դեմ են հանդես գալիս Սուպերլիգային, բայց նրանք նույնն են անում: Նրանք ավելացնում են խաղեր, նոր մրցաշարեր, Կոնֆերենցիաների Լիգա:

Նրանք կարող են զայրանալ այն թիմերի վրա, որոնք ցանկանում են գնալ Սուպերլիգա, բայց նրանք թքած ունեն ֆուտբոլիստների վրա, այլ միայն մտածում են իրենց գրպանները լցնելու մասին:

Այժմ նրանք սկսեցին խոսել ամեն տարի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ անցկացնելու մասին: Ե՞րբ ենք հանգստանալու: Երբեք: Ի վերջո, ֆուտբոլիստները վնասվածքներ կստանան: Մենք ռոբոտներ չենք: Մենք ավելի ու ավելի շատ հանդիպումներ ունենք, ավելի ու ավելի քիչ ժամանակ է տրվում հանգստանալու համար, բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում»,- ասել է Կուրտուան: