ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ցավակցություն է հայտնել ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուներից մեկի՝ գերմանացի հարձակվող Գերդ Մյուլերի մահվան կապակցությամբ:
«Գերդ Մյուլերը մեր տեսած մեծագույն հարձակվողներից մեկն էր: Գոլեր խփելու անհավատալի տաղանդի շնորհիվ, որը գրեթե անհամեմատելի էր մինչ օրս, նրան ճանաչում էին ոչ միայն Գերմանիայում կամ Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում: Ամբողջ եվրոպական ֆուտբոլային հանրության անունից, այս դժվարին պահին, ցանկանում եմ ցավ հայտնել մեծ խաղացողի մահվան կապակցությամբ, ինչպես նաև ցավակցություն հայտնել նրա ընտանիքին, ընկերներին և նախկին թիմակիցներին», – Չեֆերինի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Գերդ Մյուլերը մահացավ կիրակի առավոտյան, 75 տարեկան հասակում:
Գերդ Մյուլերը «Բավարիայում» խաղացել է 1964-79թթ. ընթացքում: Նա մյունխենյան ակումբի կազմում 4-ական անգամ դարձել է երկրի չեմպիոն և գավաթակիր, 3 անգամ նվաճել է Չեմպիոնների Գավաթը, մեկական անգամ՝ Գավաթակիրների գավաթը և Միջմայրցամաքային գավաթը:
Գերդ Մյուլերը 1970 թվականին ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև Գերմանիայի հավաքականի կազմում 1972 թվականին դարձել է Եվրոպայի, իսկ 1974 թվականին՝ Աշխարհի չեմպիոն: