Ավստրիական ԼԱՍԿ-ը Եվրոպա Լիգայի այս խաղարկության իսկական բացահայտումներից է: Դա այն դեպքում, որ թիմը 2013 թվականին սնանկ ճանաչվեց, սակայն հետո սկսելով ավստրիական 3-րդ լիգայից՝ հասավ Եվրագավաթների փլեյ-օֆֆ: ԼԱՍԿ-ը մարտի 12-ին Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլում մրցելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ինչն ավստրիական ակումբի գլխավոր մարզիչ Վալերիեն Իսմայելին, ամենևին, չի ընկճում.
«Մի բան հաստատ եմ հայտարարում: Մենք չենք պատրաստվում գնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցավեճին զուտ որպես զբոսաշրջիկ, կամ գոնե ասենք՝ զուտ մարզաշապիկ փոխանակելու նպատակով; Բնավ ոչ: Մենք այդ երկու հանդիպմանն էլ ներկայանալու ենք մեծ հավակնությամբ` մրցելով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ու բացարձակ նշանակություն չունի, որ մենք անթաքույց հարգանք ենք տածում նրանց նկատմամբ` որպես մեծ ու հզոր տիտղոսակիր մրցակցի: Դա, միևնույնն է, մեզ չի վախեցնում», – ասել է Վալերիեն Իսմայելը: