Աբրահամ Խաշմանյան․ «Մենք կարող ենք այս հավաքականով լինել EURO-2024-ի եզրափակիչ փուլում»

«Պրոֆֆուտբոլը» զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, անվանի մասնագետ Աբրահամ Խաշմանյանի հետ.

– Պարոն Խաշմանյան, Հայաստանի հավաքականի վերջին հանդիպման մասին ի՞նչ կասեք։ Արադարացա՞ն Ձեր սպասելիքները։
– Կուզեմ խոսել ոչ թե վերջին հանդիպման մասին, այլ առաջին երկու հանդիպումների։ Այդ երկու հանդիպումներից ես շատ մեծ հաճույք ու բավականություն եմ ստացել։ Շատ ուրախ եմ, որ վերջիվերջո մենք ունենք նման հավաքական։ Ինչի համար եմ ասում սա, ճիշտ է, երկու հանդիպում էր, բայց մենք չզիջեցինք թուրքերին, անգամ որոշակի գործողություններում առավելություն ունեինք։ Ինչպես միշտ, մեկ-երկու ֆուտբոլիստների կոպիտ սխալի պատճառով գոլ ընդունեցինք և պարտվեցինք, որը միշտ եղել է տարիներ շարունակ, իսկ Ուելսի դեմ խաղը գերազանց էր բոլոր առումներով։

Ամենակարևորը, որ ես տեսնում եմ մեծ ներուժ կա այս հավաքականում ու պոտենցիալ։ Ասեմ, որ հիանալի խաղացողներ ունենք այսօր, որը շատ ուրախացնում է, անհատապես շատ ուժեղ ֆուտբոլիստներ՝ Իվուն, Սպերցյանը, Տիկնիզյանը, Չանչարևիչը, Սելարայանը, Ռանոսը… Առավելությունն այն է, որ նրանք թիմային խաղացողներ են։ Դրա համար էլ մենք ունենք մեծ պոտենցիալ և մեծ ներուժ, որը կարծում եմ տարիներ շարունակ կուրախացնի մեր ազգին։ Բայց, իհարկե, սա պատահականություն չէ, ամենամեծ գործոնը, որ ունենք այսպիսի հավաքական, մեր ֆուտբոլի ֆեդերացիայի հետևողականությունն է, ճիշտ ֆուտբոլային քաղաքականություն վարելու շնորհն է: Ճիշտ է, այս ամենը կարող էր ավելի շուտ լինել, բայց այս 2 տարիներին մեծ աշխատանք է եղել, որ մենք ունենանք նման հավաքական, որը կարող էր լինել 4 տարի առաջ, որի մասին անձամբ ես խոսել եմ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ , մեր կարծիքները համընկել են, մենք ուզեցել ենք տեսնել նման հավաքական, և փաձռք Աստծո, որ մենք այսօր այն ունենք։ Ասացի, թե ինչի շնորհիվ։

Հավաքականը 90%-ով ձևափոխվել է, կա թարմություն, կա պրոֆեսիոնալ մոտեցում, կա կարգապահություն։ Ընդամենը մնացել է 10-15%, որպեսզի մենք ունենանք ամբողջովին ձևափոխված հավաքական։ Այդ տոկոսի ձևափոխումից հետո մենք կունենանք ավելի ուժեղ, ավելի առողջ, ավելի ունակ և շատ խնդիրներ լուծող հավաքական։ Այս կապակցությամբ ես շատ ուրախ եմ։

Գտել եմ և գտնում եմ, որ հայկական ֆուտբոլին նման մասնագետներ են պետք, որպեսզի լինի կարգապահություն, լինի խստապահանջություն և լինի պրոֆեսիոնալ մոտեցում։ Միայն սա կարող է բերել, չեմ ասի մեծ հաջողությունների, բայց հայկական ֆուտբոլի վերածննդի։ Պաչիկների ու գրկախառնությունների ժամանակն անցել է, որի կապակցությամբ շատ ուրախ եմ։

Մենք ունենք մեծ խնդիր՝ մանկապատանեկան ֆուտբոլը, որը պիտի ամբողջովին արմատական փոփոխություններ կրի՝ թե՛ մոտեցումները, թե՛ մեթոդները, քանզի մինչ այսօր կան մեծ խնդիրներ մանկապատանեկան ֆուտբոլում ու փոքր տարիքի հավաքականներում։ Մինչև հիմա առաջնորդվում են քավոր-սանիկ-բարեկամ մոտեցումներով, որն անընդունելի է։ Միմիայն կարգապահություն և խստապահանջություն։

Վերջին 8 տարիների ընթացքում գերագույն հաճույք եմ ստացել հավաքականի վերջին երկու պաշտոնական խաղերից։ Այս 8 տարիներին միայն տխրություն, հիասթափություն և լճացում։ Այսօր լճացումը գրեթե վերջացել է։

– Դուք՝ որպես անվանի մասնագետ, ի՞նչ եք կարծում, Ալեքսանդր Պետրակովը պիտի հարձակվողակա՞ն, թե՞ պաշտպանողական ֆուտբոլ խաղա։
– Ձեզ ընդամենը կասեմ մեկ բան։ Պետք է խաղա բալանսավորված ֆուտբոլ, որը ես այս երկու խաղում տեսնում եմ՝ դրա մեջ մտնում է ժամանակին պաշտպանվելն ու հարձակվելը։ Միայն սա կարող է բերել հաջողությունների։ Բայց անկախ նրանից, թե հավաքականը կհասնի հաջողության, թե ոչ։ Սա այն հավաքականն է, որին մենք այդքան սպասել էինք։ Ու մենք պետք է աջակցենք թե՛ մարզչին, թե՛ ֆուտբոլի ֆեդերացիային, թե՛ ամբողջ անձնակազմին, որպեսզի սա լինի շարունակական բնույթ, և սա լինելու է։

– Հրանտ-Լեոն Ռանոսը 4 գոլ է խփել մեր ընտրանու կազմում։ Արդյո՞ք նա հենց այն հարձակվողն է, ում երկար տարիներ է՝ փնտրում ենք։
– Ռանոսը հիանալի հարձակվող է, ոչ միայն նա այլև Սելարայանը և մեր մյուս խաղացողները, ովքեր հիանալի ու հիասքանչ են։ Նշեցի, որ դա ֆուտբոլի ֆեդերացիայի հետևողականությունն էր, որ այսօր մենք ունենք նման խաղացողներ։ Ուշադրություն են դարձնում դրսում հանդես եկող ֆուտբոլիստների, որը պատահական չէ։ Սա մեծ ուրախություն է ինձ համար։ Բայց սա, ցավոք, տալիս է տխրելու առիթ, որ մենք այսօր չունենք ներսում նման խաղացողները, որը տարիներ շարունակ խոսվել է ու մինչև հիմա խոսվում է, այսինքն ֆուտբոլիստ, որը կկարողանա կայուն ելույթ ունենա հավաքականում, ասի իր խոսքը, հարցեր լուծի դաշտում։

Խոսքն այսպիսի ֆուտբոլիստների մասին է, ոչ թե 5-6 ֆուտբոլիստ հրավիրել և ամեն օր խոսել, որ մենք հավաքականին ֆուտբոլիստներ ենք տալիս։ Նման որակի ֆուտբոլիստ ես դեռ չեմ տեսել։ Հիմա խաղում է Ստյոպան, ով վատ ֆուտբոլիստ չէ, բայց մինչև նա չբարելավի իր որակները, նա չի կարող կայուն խաղալ հավաքականում։ Տարբերությունը սա է ներսի և դրսի աշխատանքների։ Փոփոխություններ են պետք հայկական ֆուտբոլում և մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր տեղերում։ Հուսով եմ՝ դա շուտով կլինի։

– Հավատո՞ւմ եք, որ Հայաստանի հավաքականը կարող է որակավորվել EURO-2024-ի եզրափակիչ փուլին։
– Այո՛, իհարկե, հավատում եմ, որ այս հավաքականում կարող ենք, մի փոքր էլ ուժեղացման կարիք ունենք։ Ես նշեցի 10-15% փոփոխության մասին։ Մենք կարող ենք այս հավաքականով լինել EURO-2024-ի եզրափակիչ փուլում։ Անգամ եթե այն չստացվի, մենք ուրախանալու առիթ ունենք՝ նման հավաքական ունենալու։

– Լատվիայի դեմ խաղի մասին ի՞նչ սպասելիքներ ունեք։
– Շատ կարևոր կլինի մեզ համար հաղթանակը, որn ավելի կամրապնդի և հոգեբանական առումով մեծ առավելություն կտա հետագա մրցելույթների համար։ Ես կարծում եմ, որ մեր հնարավորությունը այս խաղում հաղթելու 90% է։