Որքանո՞վ Ռոնալդուն կօգնի Սաուդյան Արաբիային՝ Մունդիալ-2030-ը ստանալու հարցում

Սաուդյան Արաբիայում ֆուտբոլային մրցաշրջանն ավարտվեց մայիսի 31-ին։ Չեմպիոն դարձավ «Ալ-Իթիհադը», որը նաև նվաճեց երկրի Սուպերգավաթը, իսկ երկրի գավաթին տիրացավ «Ալ-Հիլալը»: «Ալ-Նասրը», ուր ձմռանը տեղափոխվեց Ոսկե գնդակի հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, մնաց առանց տիտղոսի: «Ալ-Նասրն» առաջնությունում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ երկրի գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում հասավ մինչև կիսաեզրափակիչ:

Անձամբ պորտուգալացին արդյունավետ վեց ամիս անցկացրեց՝ 19 խաղում խփած 14 գոլ և 2 գոլային փոխանցում. վատ չէ: Ռոնալդուն Սաուդյան Արաբիա ժամանեց միայն հունվարին, բայց կարողացավ եզրափակել առաջնության լավագույն ռմբարկուների հնգյակում. շատ դեպքերում նման արդյունքով ֆուտբոլիստըը զգալիորեն ազդում է թիմի արդյունքների վրա և օգնում նրան հաղթել: Բայց Ռոնալդուի հարցում այդպես չեղավ։

Ռոնալդուի ազդեցությունն «Ալ-Նասրի» խաղի վրա իսկապես մեծ է։ Հունվարին Կրիշտիանուի նոր թիմը գլխավորեց Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, և դեռ հույս ուներ նվաճել երկու գավաթն ու Սուպերգավաթը, սակայն հաջորդիվ շաբաթների ընթացքում «Ալ-Նասրը» կորցրեց ամեն ինչ: Կարևոր է նշել, որ Ռոնալդուն ամբողջությամբ անցկացրել է չորս հանդիպումներից յուրաքանչյուրը, որոնցում իր թիմը պարտվել է։

Այս մրցաշրջանի բոլոր հանդիպումներում «Ալ Նասրի» առանցքային ֆիգուրների պարզունակ համեմատությունը ցույց է տալիս, որ առանց Ռոնալդուի թիմն իրեն շատ ավելի լավ էր զգում. նրանք ավելի շատ միավորներ էին վաստակում, ավելի հաճախ հաղթում, ավելի քիչ պարտվում և ավելի արդյունավետ էին: «Ալ-Նասրը» հաղթեց գարնանային խաղում առանց համաշխարհային աստղի՝ Ռոնալդուն մկանային վնասվածքի պատճառով բաց թողեց «Ալ-Ֆաթեհի» հետ մրցաշրջանի վերջին հանդիպումը, և նրա թիմը հաղթեց 3-0 հաշվով:

Որո՞նք կարող են լինել այս հակասական արդյունքների պատճառները: Ամենահայտնի բացատրություններից մեկը հենց Ռոնալդուի կարգավիճակն է։ «Ալ-Նասր» է եկել ոչ միայն աստղ, այլ միլիոնավոր ֆուտբոլասերների կուռք, այդ թվում՝ իր նոր թիմակիցների մի զգալի մասի: Մաքուր հոգեբանություն. Ռոնալդուի փայլից կուրացած՝ թիմակիցները փորձում էին օգնել նրան, ինչի պատճառով միշտ չէ, որ տակտիկական ճիշտ որոշումներ էին կայացնում։

«Ալ-Նասրի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան զգուշացրել էր թիմին այդ մասին: Նույնիսկ Ռոնալդուի դեբյուտից հետո ֆրանսիացին հրապարակավ բարձրաձայնեց այդ մասին. «Իմ ֆուտբոլիստների համար շատ կարևոր է խաղալ, ինչպես միշտ, այլ ոչ թե փորձել անընդհատ գնդակը տալ Կրիշտիանուին»:

Երեք ամիս անց Գարսիան հեռացվեց աշխատանքից։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, նրա հրաժարականի պատճառը հենց տիտղոսակիր պորտուգալացու հետ անհամաձայնությունն էր։ Ֆրանսիացուն փոխարինող այդպես էլ չգտնվեց, գրեթե երկու ամիս «Ալ-Նասրը» գլխավորում էր երիտասարդների նախկին մարզիչ Դինկո Յելիչիչը, իսկ ինչպիսի՞ն կարող է լինել նման մասնագետի հեղինակությունը։

Հատկանշական է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» մրցաշրջանի միջնամասում Ռոնալդուի հեռանալուց հետո արդյունքների և խաղի փոփոխություններ եղան: Պորտուգալացին հեռացավ «Կարմիր սատանաներից»,  արդյունքում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսեց հաղթել և Պրեմիեր-Լիգայում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, նվաճեց անգլիական Լիգայի գավաթը և այսօր մասնակցելու է Անգլիայի գավաթի եզրափակիչին՝ մրցելով չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հիշեցնենք, որ Մանչեսթերում նույնպես կոնֆլիկտ եղավ Կրիշտիանուի ու գլխավոր մարզչի՝ Էրի տեն Հագի միջև, սակայն պորտուգալացու հեռանալն ավելի լավը դարձրեց Էրիկ տեն Հաագի թիմը։

Ի՞նչ է հաջորդը: Ռոնալդուի բազմամիլիոնանոց պայմանագրին «Ալ-Նասրի» հետ դեռ երկու տարի կա, և Կրիշտիանուն արդեն հայտարարել է, որ ոչ մի տեղ չի գնալու. «Ես երջանիկ եմ «Ալ-Նասրում» և ցանկանում եմ շարունակել խաղալ այստեղ: Ես շատ էի ցանկանում այս տարի նվաճել գավաթը, բայց չկարողացանք: Հիմա ես միայն դրական եմ տրամադրված ու վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կփոխվի, մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ։ Եկեք հավատանք դրան և շարունակենք աշխատել միասին։ Կարծում եմ, որ առաջիկա հինգ տարում մեր լիգան կհայտնվի աշխարհի լավագույնների թոփ-5 լիգաների շարքում»։

Կասկածից վեր է, որ ակումբը չի պատրաստվում խզել պայմանագիրը կամ վաճառել Ռոնալդուին։ Նախ, սա ինքնին խենթ է հնչում, և երկրորդ՝ Կրիշտիանուն օգուտ է բերում ակումբին և երկրին այլ ոլորտներում։ Բավական է նշել, որ հայտնի իստագրամյան ցանցում «Ալ-Նասրի» բաժանորդների թիվը 6 ամսում 800 հազարից հասել է գրեթե 15 միլիոնի։ Ռոնալդուն բարձրացնում է երկրպագուների տեղեկացվածությունն ու հետաքրքրությունը տեղական ֆուտբոլի նկատմամբ, ինչպես նաև մեծացնում է Սաուդյան Արաբիայի՝ Եգիպտոսի և Հունաստանի հետ միասին Աշխարհի 2030 թվականի առաջնությունն ընդունելու հնարավորությունները:

Իսկ արդյունքներն այս դեպքում երկրորդական են։