Գրեհեմ Փոթերը գիտի՞ ինչպես վերականգնել «Չելսին»

Վերջին մի քանի ամիսներին ակտիվ քննարկվում է Գրեհեմ Փոթերի՝ «Չելսիի» գլխավոր մարզչի ղեկից հեռանալու մասին։ Սակայն, կարող ենք ասել, որ թիմի ղեկավարությունը մտադիր է պահել նրան թիմում։

Չնայած նրա վատ արդյունքներին՝ հնարավոր է մրցաշրջանը շրջել, իսկ դրա համար կան մի քանի տակտիկական լուծումներ, որոնք, գուցե, օգտակար կլինեն «Չելսիին»։

Գրեհեմ Փոթերը «Բրայթոնում» ուներ հստակ ընդգծված 11 ֆուտբոլիստի, որոնց հետ կարողանում էր ճկուն ու արագ ֆուտբոլ ցույց տալ, ու ամենակարևորը արդյունավետ ֆուտբոլ։ Նրա դրած հիմքը այնքանով էր օգտակար, որ «Բրայթոնն» այժմ հիացնում է Դե Ձերբիի գլխավրությամբ։

Գրեհեմ Փոթերը դեռևս չի կարողանում հասկանալ այն հիմնական 11 հոգուն, որոնք պետք է լինեն թիմի առաջին համարները, որը, իհարկե, ամենամեծ խնդիրներից է, որը պետք է արդեն լուծված լիներ։ Ի տարբերություն Փոթերի՝ Թոմաս Տոuխելը, երբ գլխավորեց «Չելսին», կարողացավ ճիշտ սխեմա ընտրել ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներով։ 3-2-5 հարձակման ժամանակ սխեման անկասելի էր, որը պաշտպանվելիս կարող էր դառնալ կա՛մ 5-3-2 կա՛մ 3-4-1-2, ինչը հնարավորություն էր տալիս Կայ Հավերցին և Մեյսոն Մաունթին ավելի ազատ գործել առջևում։ 

«Չելսին» պաշտպանությունում շատ բացեր է թողնում, որի հիմնական պատճառը պրեսինգի ժամանակ մեծ թվով ֆուտբոլիստներով գնալն է։

«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին շատ ագրեսիվ ֆուտբոլիստ է, և եթե նկատել եք, ապա խաղերի մեծմասնության ժամանակ նա հաճախ է գնում մրցակցի վրա՝ առանց հաշվի առնելու խաղընկերների նաև մրցակցի ֆուտբոլիստների դիրքերը։ Նա այսպիսի խաղով նման է Հարրի Մագուայերին, սակայն ի տարբերություն նրա, Կուլիբալին ավելի հաճախ է խախտում կանոնները։ 

Կիսապաշտպանությունում Փոթերը պետք է կարողանա ճիշտ կառուցել խաղն այնպես, որ Մեյսոն Մաունթը ավելի ազատ ու համարձակ գործի։ Քոնոր Գալահերի դերը թիմում նվազեցրել է հենակետայիններից մյուսի աշխատանքը, բայցևայնպես նա պետք է ոչ միայն մասնակցի պաշտպանական, այլև հարձակողական գործողություններին՝ առանց որի «Չելսին» չի կարող պարզապես գոլեր խփել։ Սա այն հիմնական բացթողումներից մեկն է, որի պատճառով թիմը քիչ է գոլեր խփում։ 

Ռահիմ Սթերլինգի բացակայությունը նկատելի է դառնում, քանի որ Հակիմ Զիեշի հակադիր եզրում հավասարակշիռ հարձակվող կարծես թե չի գտնում Փոթերը։ Զիեշը շատ լավ է ներթափանցում կենտրոն, սակայն երբ նրա դիմաց դուրս են գալիս մի քանի խաղացողներ, նա խառնաշփոթ իրավիճակում է հայտնվում, որը լուծելու համար պետք է եզրային կիսապաշտպանները ավելի մոտ գործեն վինգերներին։

Առանց Սթերլինգի՝ Փոթերը պետք է համարձակ քայլի գնա՝ Գալահերին խաղացնելով 10 համարի, իսկ Մաունթին հարձակման ձախ եզրում։ 

Կայ Հավերցին սխալ օգտագործելը գոլերի պակասուրդ է տալիս․․․Տուխելի օրոք Կայ Հավերցը սկսեց խաղալ կեղծ 9 համարի դիրքում, որտեղ նա փայլեց մի քանի մեծ խաղերում։ Փոթերը ևս պետք է օգտագործի սա, սակայն մի պայմանով։ Տուխելը հասկանում էր, թե կոնկրետ որ ֆուտբոլիստներն են հարկավոր Հավերցին, իսկ այսօրվա «Չելսիում» բոլորը խաղալու «հերթի» են սպասում։

Կայ Հավերցը «թիրախ» է, որի միջոցով կապում են խաղը, պահում գնդակն ու pահեր ստեղծում խաղընկերների համար։ Նրա նման խաղը օգուտ կտա Զիեշին և Ռիս Ջեյմսին, որոնք եզրերում ավելի հաճախ կարող են համագործակցել ու եռանկյունիներ ստեղծել։

«Չելսին», իհարկե, ունի ֆուտբոլիստների, որոնք կարող են վճռականորեն խաղալ ու միավորներ վաստակել, իսկ Փոթերը այն մասնագետներից է, որին պետք է գոնե այս պահին վստահել։