Անտոնիո Կասանո․ «Նա ստանում է ութ միլիոն եվրո և ոչինչ չի անում»

Իտալական ֆուտբոլի «խնդրահարույց երեխան» Անտոնիո Կասանոն դժգոհ է Ռաֆայել Լեաուի խաղից։ Նա կարծում է, որ պորտուգալացին անիմաստ է խաղադաշտում, և նույնիսկ թիմի նոր մարզիչ Սերժիո Կոնսեյսաոն շուտով կհամոզվի դրանում:

«Նա ստանում է ութ միլիոն եվրո և ոչինչ չի անում, փոխանցումներ չի կատարում, քիչ գոլեր է խփում։ Նա ավելի լավ ռեփեր է։ Լեաուն գոլեր չի խփում: Նա նորմալ հանդիպում անցկացրեց Սուպերգավաթի եզրափակչում, իսկ հետո կրկին ձախողվեց «Կալյարիի» դեմ խաղում»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում pianetamian.it-ը։

Հիշեցնենք, որ Լեաուն հանդես է գալիս «Միլանում» 2019 թվականից՝ նախկինում հանդես գալով պորտուգալական «Սպորտինգում» և ֆրանսիական «Լիլում»։