Վինիսիուս Ժունիորն անդրադարձել է իր որակազրկմանը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը որակազրկվեց «Վալենսիայի» հետ հետաձգված խաղում ցուցաբերած ոչ սպորտային պահվածքի համար։

Ըստ Marca պարբերականի՝ բրազիլացի աստղը որակազրկման պատճառով ստիպված կլինի բաց թողնել Լա Լիգայի 2 խաղ։ Վինիսիուսը չի օգնի Մադրիդի «Ռեալին» «Լաս Պալմասի» և «Վալյադոլիդի» դեմ խաղերում։

Բրազիլացին հարվածեց հակառակորդ դարպասապահի գլխին ու անմիջապես հեռացվեց խաղադաշտից։

Այդուհանդերձ, ծանր իրավիճակում մայրաքաղաքային թիմը կարեւոր հաղթանակի հասավ։ Լուկա Մոդրիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ Ջուդ Բելինգհեմը խփեց Մադրիդի «Ռեալի» երկրորդ գոլը:

«Ես ներողություն եմ խնդրում և շնորհակալություն եմ հայտնում թիմին»,- գրել է Վինիսիուսը սոցիալական ցանցերում։