Պեպ Գվարդիոլա. «Շնորհավորեցի իմ թիմին «Էվերթոնի» հետ խաղից հետո»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ «Էվերթոնի» հետ խաղից հետո խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Էվերթոնին» (1։1)։ Երկրորդ խաղակեսում Հոլանդը վրիպեց 11 մետրանոցից։

«Ես խոսել եմ Հոլանդի հետ, իսկ հետո շնորհավորեցի թիմին ու ասացի, որ լավ հանդիպում անցկացրինք։ Միակ բանը, որ մենք հիմա պետք է անենք՝ շարունակել մարզվել, վերականգնվել և լավ պատրաստվել «Լեսթերին»», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» 18 խաղից 28 միավորով զբաղեցնում է յոթերորդ տեղը։