Պեպ Գվարդիոլա. «Մենք չէինք սպասում, որ այդքան հաճախ միավորներ կկորցնենք, բայց ի՞նչ կարող ես անել»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Էվերթոնի» հետ ոչ-ոքիից հետո (1։1) խոսել է մանչեսթերյան ակումբի համար անհաջող շրջանի մասին։

Բոլոր մրցաշարերում անցկացրած 13 հանդիպումներում «քաղաքայինները» միայն մեկ հաղթանակ են տարել։

«Իհարկե, մեզ արդյունք էր պետք, բայց չստացանք։ Թիմը կրկին շատ լավ խաղ ցուցադրեց բոլոր առումներով, բայց, ցավոք, չկարողացավ արդյունքի հասնել։

Երբեմն մենք կարող էինք հաղթել երեք օրը մեկ, շաբաթ առ շաբաթ։ Եվ ինչ էլ որ պատահեր, մենք միշտ մտածում էինք հաջորդ հանդիպման մասին։ Հիմա, երբ իրավիճակը փոխվել է, մենք կրկին մտածում ենք հաջորդ խաղի մասին։

Վա՞տ դրվագ։ Մենք ընդունում ենք սա։ Դա կյանքն է։ Չէինք սպասում, որ այդքան հաճախ միավորներ կկորցնենք, բայց ի՞նչ կարող ես անել։ Մենք պետք է շարունակենք աշխատել»,- ասել է Գվարդիոլան BBC Sport-ին տված հարցազրույցում։

Հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կմրցի «Լեսթերի» հետ։