Եվրոպական գրանդի ղեկավարությունը բանակցություններ է վարում Չավիի հետ

Կատալոնական El Nacional պարբերականը հայտնում է, որ «Բարսելոնայի» նախկին մարզիչ Չավին բանակցություններ է վարում «Միլանի» հետ՝ «ռոսոներիների» ղեկին Պաուլո Ֆոնսեկային փոխարինելու համար։

Չավին անցյալ ամառ հեռացավ «Բարսելոնայից» և այժմ առանց աշխատանքի է։ «Ռոսոներիների» ղեկավարությունը ձգտում է փոխել թիմի փիլիսոփայությունը և Չավիին նշել են որպես Ֆոնսեկային իդեալական փոխարինող։

«Միլանը» մեկ խաղ պակասով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը և առաջատար «Ատալանտային» զիջում է արդեն 14 միավորով։

Անցած ամառ «Միլանը» Ֆոնսեկային նշանակեց Ստեֆանո Պիոլիի փոխարեն, իսկ պորտուգալացին երկու տարվա պայմանագիր կնքեց իտալական ակումբի հետ։