«Թոթենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրի 7-խաղյա որակազրկումը իր խաղընկեր Հյոն Մին Սոնի հասցեին ռասիստական կատակի պատճառով շարունակում է ուժի մեջ մնալ, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) որակազրկել է Բենտանկուրին յոթ խաղով և տուգանել 100 000 ֆունտով՝ իր խաղընկերոջ հասցեին կատարած կատակի համար։
Ամռանը համացանցում տարածվեց Բենտանկուրի տեսանյութը Ուրուգվայի հեռուստատեսությունից։ Հաղորդավարը «Թոթենհեմի» կիսապաշտպանին խնդրել է Սոնին մարզաշապիկ նվիրել, ինչին Բենտանկուրը կատակել է, որ դա կարող է լինել ֆուտբոլիստի զարմիկի մարզաշապիկը, քանի որ կորեացիները բոլորը նույն տեսքն ունեն։ Ավելի ուշ կիսապաշտպանը ներողություն է խնդրել խաղընկերոջից։