«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ ապագայում մտադիր է վերադառնալ «Բարսելոնա»։ Արգենտինացու խոսքով՝ ինքն ու իր ընտանիքը կարոտում են քաղաքը։
«Իմ երեխաները կատալոնացի են։ Ես ողջ կյանքս ապրել եմ Բարսելոնայում, ինձ Բարսելոնայի բնակիչ եմ զգում և իսկապես կարոտում եմ այս քաղաքը։ Երբեք չգիտես, թե կյանքը քեզ ուր կտանի, բայց մեր նպատակն է ապրել Բարսելոնայում, քանի որ այն մեր տունն է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի հարձակվողը ներկա կլինի «Բարսելոնայի» 125-ամյակի տոնակատարությանը, որը կանցկացվի նոյեմբերի 29-ին։
Մեսսին կատալոնական ակումբում խաղացել է 2003-ից 2021 թվականներին։ «Բարսելոնայի» հետ արգենտինացին 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան, երեք անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։