Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Դանի Օլմոն

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի կազմում, մոտ ժամանակներս կկարողանա խաղադաշտ վերադառնալ։

Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 5-ին կայացած Ազգերի Լիգայի Սերբիայի դեմ խաղում (0։0)։ Ֆուտբոլիստը բաց է թողել ազգային հավաքականի հաջորդ խաղը Շվեյցարիայի դեմ (4։1) և ժամանակից շուտ վերադարձել Բարսելոնա։

Ինչպես հայտնում է Marca-ն, Օլմոն խուսափել է լուրջ վնասվածքից։ Կիսապաշտպանը կկարողանա մասնակցել «Ժիրոնայի» հետ «Բարսելոնայի» հաջորդ խաղին, որը կկայանա սեպտեմբերի 15-ին։

Օլմոն «Բարսելոնա» է տեղափոխվել անցած ամառ «Լայպցիգից» 55 միլիոն եվրոյի դիմաց։ Լա Լիգայի այս մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 2 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։