Գիորգի Մամարդաշվիլի․ «Խվիչա Կվարացխելիան ավելի լավն է, քան ամբողջ Իսպանիան»

Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին Իսպանիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի հանդիպման նախօրեին պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։

Վրացի դարպասապահը հայտարարություն է արել Խվիչա Կվարացխելիայի մասին։

«Կվարացխելիան ավելի լավն է, քան ամբողջ Իսպանիան։ Չեմ ասի, որ հաղթելու ենք, բայց կպայքարենք, տեսնենք՝ ինչ կլինի։

Իսպանիան ֆավորիտ է, բայց մենք պայքարելու ենք, մրցելու ենք։ Մենք արդեն լավ ենք հանդես եկել Եվրոպայի առաջնությունում։ Այժմ մենք պետք է վայելենք:

Մենք պետք է լավ խաղանք պաշտպանությունում, և կտեսնենք, թե ինչ կլինի հակագրոհների ժամանակ։ Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր կարող են վտանգ ստեղծել։ Մենք պետք է պայքարենք և մնանք կենտրոնացած»,- Մամարդաշվիլիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Իսպանիայի հավաքականում Մամարդաշվիլին առանձնացրել է հարձակվող Լամին Յամալին, ինչպես նաև Ունաի Սիմոնին, ում նշեց որպես տարվա լավագույն դարպասապահ։

Մամարդաշվիլին հավելել է, որ իր թիմի բախտը չի բերել 2023 թվականի հոկտեմբերին կայացած EURO-ի ընտրական խաղում, երբ իսպանացիները 7։1 հաշվով հաղթեցին վրացիներին։

Իսպանիան ու Վրաստանը կխաղան հունիսի 30-ին Քյոլնի մարզադաշտում։