«Յուվենտուսի» ֆուտբոլիստը մոտ է իտալական մեկ այլ ակումբ տեղափոխվելուն

Իտալիայի աղբյուրները պնդում են, որ հարձակվող Մոյզե Քինը համաձայնության է եկել «Ֆիորենտինայի» հետ, ուստի տոսկանացիները այժմ բանակցում են «Յուվենտուսի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Քինի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսին, և «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել նրան, քանի որ նա չի մտնում Տիագու Մոտտայի՝ հաջորդ մրցաշրջանի պլանների մեջ:

Ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն պնդում է, որ «Յուվենտուսի» պահանջվող գինը 15 միլիոն եվրո է, սակայն «Ֆիորենտինան» չի ցանկանում ծախսել ավելի քան 12 միլիոն եվրո:

Քինը «Յուվենտուսի» կազմում անցկացրած 123 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ, սակայն 2023/24 մրցաշրջանում «ծեր սինյորայի» կազմում ոչ մի գոլ չի խփել: