«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր օրերում զարմանալու թերեւս քիչ բան կա: Պարզվում է, սակայն, որ ՀՀ գործող իշխանությունների սիրելի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը գնում է ավելի հեռուն ու անցնում է երեւակայության հնարավոր բոլոր սահմանները:
Ըստ էության, սենսացիոն բան կարող է տեղի ունենալ՝ Հայաստանի նորընծա չեմպիոն Երեւանի «Փյունիկը», որ խաղալու է Չեմպիոնների լիգայում ու վստահաբար հավաքելու է հազարավոր ֆուտբոլասերների, երկրից դուրս պիտի գա: Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակավ հայտնել է, որ կարող է խաղալ Թբիլիսիի «Դինամոյի» մարզադաշտում: Ըստ վերջինիս՝ պատճառը ֆեդերացիայի կողմից «Փյունիկի»՝ միջազգային խաղերի համար Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը չտրամադրելն է, դրա փոխարեն Երեւանից դուրս փոքր մարզադաշտեր առաջարկելը, ինչը հնարավորություն չի տա բազմահազար մարզասերների գալ խաղերը դիտելու: Գումարած սրան՝ «Փյունիկը» չունի նաեւ մարզվելու տեղ, դաշտեր, որոնք կունենա Վրաստանում: Փաստորեն, ֆեդերացիան ոչ միայն չի տրամադրում կենտրոնական մարզադաշտը, այլեւ զրկում է թիմին միջազգային խաղերից առաջ մարզվելու բավարար պայմաններից: Տարօրինակն այն է, որ երկար ժամանակ խորացող «Փյունիկ»-ՀՖՖ կոնֆլիկտն այսպիսով տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն, ու առաջացնելու է տասնյակ հազարավոր հայ երկրպագուների զայրույթը ու ներիշխանական լարված իրավիճակում կարող է պայթյունի տանել:
Ի դեպ, Հայաստանի առաջնության նախավերջին տուրի որոշիչ՝ «Փյունիկ»-«Նոա» խաղը տեղի էր ունենում Երեւանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում, որը տեղավորում է ընդամենը 1200-ից մի փոքր ավելի մարդ: Խաղը խիստ հետաքրքրական էր, սակայն հավաքվածների հսկայական բանակ մնացել էր դրսում, ու մարդկանց կյանքին ուղղակի վտանգ էր սպառնում. խաղադաշտից հաճախ հնչում էր կոչ-խնդրանք, որ մարդիկ իջնեն մարզադաշտի հարակից բարձունքից, քանզի այնտեղով բարձր լարման հոսանք էր անցնում. իսկ հազարավոր հավաքվածների մեջ մեծ թվով երեխաներ ու պատանիներ էին:
Հ.Գ. Երեւանի «Փյունիկ»-ը հանդիսանում է Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը, եւ այս տարի չեմպիոն են դարձել ոչ միայն գլխավոր ու աղջիկների, այլեւ տարբեր տարիքի մարզիկների թիմեր. այս ակումբում մարզվում են շուրջ 1800 երեխաներ ու պատանիներ: Հույս ունենանք, որ հնարավոր կլինի կոմպրոմիսի գալ ու փրկել հայկական ֆուտբոլի հեղինակությունը վերջնական զրոյացումից: Մեղմ ասած՝ ամոթ կլինի, որ չեմպիոնը խաղա օտար հողի վրա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: