Ֆեդերիկո Վալվերդեն ասել է, թե արդյոք պատրաստ է վերցնել 8 համարը Տոնի Կրոսի հեռանալուց հետո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կարող է 8 համարը ժառանգել Տոնի Կրոսից։ Գերմանացի կիսապաշտպանը կավարտի կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ 34 տարեկանում։

Ֆուտբոլիստի հեռանալուց հետո ութ համարը կմնա ազատ, որը հավանաբար կվերցնի Վալվերդեն։

«Ես հաճույքով կկրեմ 8 համարը: Այս մասին ես արդեն խոսել եմ Տոնիի հետ: Ինձ համար թիվն այնքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ նա ինքն է ուզում ինձ տալ այս համարը։ Ես իսկապես գնահատում եմ նրա արածը»,- 25-ամյա ուրուգվայցու խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն, ով ներկայումս կրում է 15 համարը։

Տոնի Կրոսը խաղակոշիկները կկախի Եվրոպայի առաջնությունից հետո։ Գերմանացուն միայն մեկ հանդիպում է մնացել «Ռեալին»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ, որը կկայանա հունիսի 1-ին։