Պոչետինո. «Եթե նա գոլ խփեր յուրաքանչյուր խաղում, մենք նրան կկոչենք Մեսսի»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակչում «Ասթոն Վիլայի» հետ ոչ-ոքիից հետո (0-0) աջակցել է իր թիմի կիսապաշտպան Քոուլ Պալմերին, ով այս հանդիպմանը գոլային հստակ հնարավորություն չօգտագործեց։

«Իմ կարծիքով, Պալմերը չի կարող գոլ խփել յուրաքանչյուր խաղում: Հակառակ դեպքում մենք, հավանաբար, պետք է նրան անվանեինք Լեո Մեսսի։ Նա մեծ ներուժ ունի։ Պարզապես երբեմն գոլ ես խփում, երբեմն՝ ոչ։

Պալմերը կարող է խաղալ տարբեր դիրքերում, և դուք կարող եք նկատել, որ մենք երբեք չենք խոսում նրա խաղի մասին, քանի որ նա միշտ բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում։ Երբեմն նա գոլ է խփում, երբեմն՝ ոչ, բայց միշտ զարմանալի պահեր է գտնում»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Պալմերը բոլոր մրցաշարերում «Չելսիի» 27 խաղում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։