Ստեֆանո Պիոլի․ «Նա խաղադաշտում արտիստ է և հանճար»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին աջակցել է ռոսոներիի վինգեր Ռաֆայել Լեաուին, ով այս մրցաշրջանում նախորդի համեմատ ավելի համեստ ցուցանիշներ է ցուցադրում։

«Այս մրցաշրջանում մենք շատ ավելի շատ գոլեր խփեցինք, քան նախորդ տարի: Մենք առաջնության երկրորդ լավագույն հարձակվողական թիմն ենք, և ես կարծում եմ, որ Լեաուն դրա հետ շատ կապ ունի: Նա մեզ համար հարձակման հենակետ է և շեղում է հակառակորդ պաշտպաններին։ Նա Ա Սերիայի այն ֆուտբոլիստներից է, ով ամենաշատ փոխանցումներն է անում։ Ռաֆայի հետ հիանալի հարաբերություններ ունեմ նաև խաղադաշտից դուրս: Նա խաղադաշտում արտիստ է և հանճար»,- Պիոլիի խոսքը մեջբերում է Milan News-ը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։