Խորհրդանշական գնդակ, որի իրական նշանակությունը կբացահայտվի վերջում։ Հենց այդ գնդակով էլ սկսվեց «Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբար»-ի պաշտոնական ասուլիսը։
Տասնօրյա ճամբարը Հայաստան է գալիս Ամերիաբանկի նախաձեռնությամբ, իսկ այն Հայաստան բերելու համար համախմբվել են երկրի ամենախոշոր ընկերությունները՝ Ամերիաբանկը, ԶՊՄԿ-ն, «Տաշիր» ընկերությունների խումբն ու Team Telecom Armenia-ն։
Գնդակն առաջինը հայտնվեց Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանի դաշտում։
Ըստ նրա՝ սա բացառիկ հնարավորություն է մարզերի պատանիների համար, որ շփվեն համաշխարհային ճանաչում ունեցող մարզիչների հետ, ծանոթանան նրանց փորձին ու այն գործելաոճին, որը պատանի ֆուտբոլիստներից լեգենդներ է կերտում․
«Բոլոր ընկերությունները մեր առաջին իսկ խնդրանքով համաձայնեցին միանալ այս նախաձեռնությանը, քանի որ նրանք էլ են հավատում, որ ապագան երիտասարդների մեջ է, ու հենց նման նախաձեռնությունների շնորհիվ կկարողանանք Հայաստանը դնել աշխարհի քարտեզի վրա, այս դեպքում՝ աշխարհի ֆուտբոլային քարտեզի վրա»,- ասաց Ռեբեկա Հակոբյանը, գնդակը ստորագրեց ու փոխանցեց Լուկա Ամադեսիին։
Մանկապատանեկան ճամբարի համակարգող և կազմակերպիչ Ամադեսին հակիրճ ներկայացրեց ճամբարի պատմությունը։ Ճամբարը հիմնվել է 1998 թվականին ու կազմակերպվում է համաշխարհային մասշտաբով։
Միայն 2023 թվականին ճամբարին կմասնակցի 7 հազար երեխա ամբողջ աշխարհից։
Ամադեսին հիացած էր նաև Հայաստանում կազմակերպված ընդունելությամբ ու պայմաններով․
«Հազվադեպ է պատահում, որ ճամբարը կազմակերպվի որևէ հիասքանչ վայրում։ Ճիշտ հակառակը։ Իսկ այստեղ մեզ աշխատելու բարձրակարգ հնարավորություն ու պայմաններ են ընձեռվել, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում»։
Հերթական ստորագրությունը հայտնվեց գնդակի վրա ու փոխանցվեց Team Telecom Armenia-ին։ Ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը շեշտեց, որ այս նախաձեռնությունն ամբողջությամբ՝ գաղափարից մինչև իրագործում համապատասխանում է իրենց ընկերության քաղաքականությանը․
«Կա այսպիսի կարծրատիպ, որ թիմային մարզաձևերում Հայաստանն այնքան էլ ուժեղ չէ, այլ հաջողություններ կարող է գրանցել միայն անհատական մարզաձևերում։ Team-ի գլխավոր նպատակը այդ կարծրատիպը կոտրելն է ու ապացուցելը, որ Հայաստանում հնարավոր է հաջողության հասնել հենց թիմային աշխատանքով։ Իսկ ֆուտբոլը կարող է դրա ամենավառ օրինակը լինել»։
Եվս մեկ թիմային ստորագրություն, ու գնդակը հայտնվեց ԶՊՄԿ-ի Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանի մոտ։ Ըստ նրա՝ ընկերությունը այս գաղափարին շատ արագ համաձայնեց մեկ բանի համար՝ նախընտրությունը տրվում էր մարզերի երեխաներին։ Երևանում ապրող պատանիների համար հնարավորություններն ավելի մոտ են, իսկ սահմանամերձ գյուղերի պատանիներին դրանք հաճախ հասանելի չեն լինում․
«Հայաստանի ամենախոշոր հարկատուն չէր կարող անմասն մնալ այս հիանալի նախաձեռնությունից։ Մենք ինքներս էլ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի սեփականատերն ենք ու արդեն երկար ժամանակ է` փորձում ենք նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Միանալով նման նախաձեռնությանը՝ մենք հավատում ենք, որ հայկական ֆուտբոլը կզարգանա ու եվրոպական ֆուտբոլին հավասար մրցակից կդառնա»,- նշեց Արայիկ Մարգարյանն ու գնդակը փոխանցեց «Տաշիր» ընկերությունների խմբի, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանին։
Որպես բավականին հաջողակ ֆուտբոլային ակումբի՝ «Արարատ-Արմենիայի» տնօրեն Հրաչյա Պողոսյանն ընդգծեց, որ հենց մանկապատանեկան ֆուտբոլում է թաքնված առաջիկա մեծ հաղթանակների գաղտնիքը․
«Մասնակցելով այս նախաձեռնությանը` ցանկանում ենք օգնել խփել վաղվա գոլը, հնարավորություն տալ հատկապես մարզերի երեխաներին շփվել համաշխարհային ճանաչում ունեցող մարզիչների հետ, վերցնել նրանց փորձը։ Մեր երազանքն է, որ այս երեխաներից գոնե մի քանիսն ապագայում խաղան արտասահմանայն գրանդ ակումբներից մեկում և մեծ հաջողությունների հասնեն»,- նշեց Հրաչյա Պողոսյանը։
Եվ վերջապես գնդակը հայտնվեց Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մարզիչ Կլաուդիո Զոլայի մոտ։ Ըստ նրա՝ մեծ ոգևորությամբ են աշխատում Հայաստանում, քանի որ թե՛ ընդունելությունն է լավը, թե՛ մարզման պայմաններն ու ֆուտբոլային դաշտերը։ Նրա խոսքով, երեխաներին սովորեցնում են ոչ միայն ֆուտբոլային հնարքներ, այլև թիմային մտածելակերպ։
Սա լավ հնարավորություն է նոր մարդկանց հետ ծանոթանալու ու լավ կապեր ձեռք բերելու համար․
«Երկրորդ օրն ենք աշխատում։ Ընդհանրապես երեխաների հետ աշխատանքում կարևորը ճիշտ մոտեցումն է, սակայն մեծապես վայելում ենք տեղի երեխաների հետ աշխատանքը»։ Ըստ նրա՝ արդեն նկատել են մի քանի տաղանդավոր երեխայի, սակայն այլ փակագծեր չբացեց։
Վերջապես հասավ առեղծվածային գնդակի նշանակությունը բացահայտելու ժամանակը։ Սակայն մինչ այդ Լուկա Ամադեսին Ռեբեկա Հակոբյանին նվիրեց Միլանի մարզաշապիկ, որի վրա ակումբի բոլոր ֆուտբոլիստների ստորագրություններն են։ Թե ինչ ապագա կունենա մարզաշապիկը, կիմանանք ապագայում։
Իսկ գնդա՞կը։ Գնդակը նախատեսված էր լրագրողների համար, բայց որպեսզի ամեն ինչ արդար լինի, Կլաուդիո Զոլան այն փոխանցեց հարսանեկան ծաղկեփնջի ոճով՝ կույր նետման սկզբունքով, իսկ օդում, դարպասապահի հնարքով, այն որսաց ամենափորձառուն։